Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Վաղ թե ուշ պատասխան են տալու

Վաղ թե ուշ պատասխան են տալու
01.03.2014 | 17:24

Հայ ազգային կոնգրեսի և Հայաստանի ժողովրդական կուսակցության հրավիրած հանրահավաքը մեկնարկեց Ազատության հրապարակում: Հանրահավաքին միացան Սարյանի պուրակում հավաքված ազատամարտիկները:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը մեկ առ մեկ հիշեց մարտի մեկին զոհված ՀՀ քաղաքացիների անունները՝ Տիգրան Աբգարյան, Տիգրան Խաչատրյան, Հովհաննես Հովհաննիսյան, Զաքար Հովհաննիսյան, Գրիգոր Գևորգյան, Դավիթ Պետրոսյան, Գոռ Քլոյան, Համլետ Թադևոսյան, Սամվել Հարությունյան, Արմեն Ֆարմանյան և առաջարկեց հարգել նրանց հիշատակը: Արամ Մանուկյանը և մարտի մեկի զոհերի հարազատներից Սամվել Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանը, հիշեցին, թե ինչպես այդ օրը իշխանությունը բիրտ ուժ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, եղան հարյուրից ավելի քաղբանտարկյալներ, վիրավորներ: Այդ կերպ ապօրինի կերպով բռնազավթվեց իշխանությունը: Հատուկ նշվեց, որ իշխող կուսակցությունները կա՛մ քար լռություն պահպանեցին, կա՛մ համագործակցեցին ռեժիմի հետ՝ աջակցելով նրանց ահաբեկչությունը խաղաղ ցուցարարների նկատմամբ:
Ազատամարտիկներից Խաչիկ Ավետիսյանն իր ելույթում նշեց, որ պետք է համախմբվել և կանգնել ու պայքարել հանուն Հայաստանի: Նա հիշեց, թե ինչպես քսանհինգ տարի առաջ ոտքի կանգնեց ժողովուրդը և պայքարեց հանուն իր ազատության:
Ելույթներն ընդմիջվում էին «Հաղ-թա-նակ, հաղ-թա-նակ» վանկարկումներով:
Արամ Մանուկյանը ներողություն հայցեց մարտի մեկի զոհերի հարազատներից, քանի որ մինչ օրս անպատիժ են մնացել մարդասպանները, ազատ շրջում են քաղաքում: Նա հիշեցրեց, որ ազատամարտիկ, գնդապետ Խաչիկ Ավետիսյանը մարտի մեկին չի կատարել իշխանությունների ապօրինի հրահանգները և թույլ չի տվել զորքերի ապօրինի տեղաշարժը Երևան: Ելույթներն ուղեկցվում էին ծափահարություններով:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ հրապարակում հավաքված բազմությունը ցույց է տալիս, որ մարտի մեկի էջը փակված չէ: ԱԺ պատգամավորը անդրադարձավ, որ իշխանությունները չեն կարող իրականացնել բարեփոխումներ և պատասխան են տալու արտագաղթի, ժողովրդի նկատմամբ կատարած հանցագործությունների համար: Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ ինչքան էլ փորձեցին պայքարել, ջլատել ժողովրդին այս տարիների ընթացքում, չհաջողվեց: Նա կոչ արեց միավորվել և, մի կողմ դնելով խնդիրները, պայքարել ու հասնել հաղթանակի:
«Սա ըմբոստության, սա մարդու իրավունքների, սեփական երկրին տեր կանգնելու հանրահավաք է»,- հիշեցրեց Արամ Մանուկյանը: Նա ընթերցեց մարտի մեկի զոհ՝ Տիգրան Խաչատրյանի մոր, Բելգիայում գտնվող Ալլա Խաչատրյանի նամակը: Նամակագիրը ի մասնավորի նշել էր, որ իրենց՝ զոհերի հարազատներին, չկարողացան գնել, կաշառել, ահաբեկել, իրենք շարունակում են պայքարել:
ՀԱԿ անդամ, Երևանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն էլ վիճակագրական տվյալներ ներկայացրեց երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին, հիշեց, որ փոքր և միջին բիզնեսը շնչահեղձ են լինում և չեն դիմանում իշխանության կազմակերպած թալանին: Նա անդրադարձավ գազի գնի, էլեկտրաէներգիայի գնի բարձրացմանը, արտագաղթին, Հայաստանի՝ օրեցօր աճող արտաքին պարտքին, պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրմանը, քաղաքացու նվաստացած վիճակին:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1598

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ